Տիգրան Համասյանի երաժշտությունը լսելով բելգիացին եկել է բացահայտելու Հայաստանը - RadioVan.fm

Онлайн

Տիգրան Համասյանի երաժշտությունը լսելով բելգիացին եկել է բացահայտելու Հայաստանը

2018-07-25 17:52 , Культура, Шоу бизнес, 3077

Տիգրան Համասյանի երաժշտությունը լսելով բելգիացին եկել է բացահայտելու Հայաստանը

32-ամյա երիտասարդը երբևէ չէր էլ պատկերացնի, որ «youtube»-յան դիտումը կկանխորոշի ու կկողմնորոշի իրեն ամառային ճամփորդության երկրի ընտրության հարցում․ ծագումով բելգիացի IT ոլորտի մասնագետ Լուի Լամբոն այս օրերին Հայաստանում է հայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ուժով։

«Հայաստանը հայտնաբերեցի Տիգրան Համասյանի երաժշտության միջոցով։ Հստակ չեմ կարող հիշել՝ երբ էր, բայց լավ հիշում եմ, որ «youtube»-ով վիդեոներ էի նայում, երբ ավարտվեց Ավիշայ Կոհենի (Avishai Cohen-իսրայելցի ջազմեն, կոնտրաբաս, կոմպոզիտոր, երգիչ) երգի դիտումը՝ կայքն առաջարկեց ինձ մեկ ուրիշ դիտում, որը հենց Տիգրան Համասյանինն էր։ Այն սեր էր առաջին հայացքից»,-«Ռադիո Վանի»-ի հետ զրույցում պատմում է Լուի Լամբոն՝ նշելով, որ Համասյանի երաժշտությունն իր համար եզակի մի բան է, երաժշտություն, որը ականջ է շոյում։

«Ես ամբողջությամբ կապվեցի նրա երաժշտության հետ և փորձում էի նրա՝ ավելի վաղ կատարած բոլոր գործերին ծանոթանալ։ Որքան լսում էի, այնքան տարվում էի։ Շատ բաներ են գրավում ինձ նրա երաժշտության մեջ։ Դրանցում ոչ միայն հայկական արմատական, ավանդական մոտեցում կա, այլ նաև՝ ծանր մետալի տարրեր»,-ասում է Լուին՝ դժվարանալով առանձնացնել որևէ գործ։

«Շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը նրա գործերից, քանի որ նա ունի տարատեսակ ալբոմներ և բազմաթիվ կոմպոզիցիաներ։ Նա, անգամ, իր սեփական ստեղծագործությունը երբեմն կարող է կատարել տարբեր մոտեցմամբ»,-նշում է Լամբոն, այդուհանդերձ, հիշատակելով Համասյանի «Lilac» և «Markos and Markos» ստեղծագործությունները։

Այն հարցին, թե, ի վերջո, դեպի Հայաստան ճամփորդելու նախընտրությունը արդարացվել է՝ Լուին անկեղծացավ․ «Ակնկալիքներս գերազանցել են․Հայաստանում ավելի լավ է, քան սպասում էի։ Երկիրը չափազանց գեղեցիկ է, բարեբախտաբար, եղանակն էլ բարենպաստ է։ Հայերը չափազանց հյուրընկալ են և շատ բարեհամբույր։ Սնունդն էլ՝ չի զիջում»։

Մի քանի օրից բելգիացի զբոսաշրջիկը, ով վերջին տարիներին ապրում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, կմեկնի Հայաստանից։ Ի դեպ՝ սա առաջին անգամն է, որ նա մենակ է ճամփորդում։ «2 շաբաթ առաջ ասում էի ընտանիքիս և ընկերներիս, որ այսպիսի ուղևորություն կյանքումս առաջին անգամն է․ գնալ մի երկիր, որի լեզուն բոլորովին չգիտես, մշակույթին էլ՝ այնքան ծանոթ չես»,-ասում է։

Այս օրերին նա զբոսաշրջային ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ այցելում է երկրի տեսարժան վայրեր, փորձում, հնարավորինս, ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը՝ լուսանկարչական խցիկով որսալով հայաստանյան յուրաքանչյուր ակնթարթը։

IT ոլորտի մասնագետ Լամբոն Իսպանիայում մասնագիտությունից զատ զբաղվում է սիրելի գործով․ երաժշտության ու ձայնային ռեժիսուրայի նկատմամբ հոբբին իրականություն է դարձրել նրա վաղեմի երազանքը։ Լուին հիմնել է իր սեփական ձայնագրման ստուդիան և Իսպանիա վերադառնալուն պես՝ գործընկեր երաժիշտներին է ներկայացնելու հայկական դուդուկը, որը ցուցակում առաջինն է, ինչը տանելու է Հայաստանից։

«Քանի որ երաժիշտ եմ և շատ եմ սիրում տարբեր մշակույթներին հատուկ նոր երաժշտական գործիքներ հայտնաբերել, մի բան, որը իմ ցուցակում առաջինն է՝ դուդուկն է։ Անպայման պետք է դուդուկ գնեմ։ Այդ փողային գործիքով փորձելու եմ նվագել առաջին անգամ»։

Բելգիացի զբոսաշրջիկը իր հետ նաև մի քանի լիտր «Արարատ» կոնյակ է տանելու, ինչպես ասում է՝ բոլորին գոհացնելու համար, ընտանիքի համար չրեր էլ է տանելու, որպեսզի նրանք համտեսեն տեղական արտադրանքը։

Հարցին՝ կվերադառնա՞ արդյոք Հայաստան՝ պատասխանում է՝ կվերադառնա, այս անգամ անգամ արդեն ձմռանը՝ այդ եղանակին ևս Հայասատանը տեսնելու նպատակով «և, անշուշտ, ավելի երկար ժամանակով»։

Լուի Լամբոյի հետ հարցազրույցը․

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть