Որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի ժողովրդի ձեռքերից խլել իր հաղթանակը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի ժողովրդի ձեռքերից խլել իր հաղթանակը․ Փաշինյան

2018-07-25 15:19 , Политика, 1234

Որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի ժողովրդի ձեռքերից խլել իր հաղթանակը․ Փաշինյան

«Վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ, որովհետև վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լեյտենանտներին, ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ որպես այդպիսին, այդ կարգավիճակում: Նաև վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երեկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր: Եվ ուրեմն, ուզում եմ, հույս ունեմ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ, իր նոր կարգավիճակով ինչ որ բան փոխելու է բանակում և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն առաքելության այդ գիտակցությամբ հստակ հասկանա ու գիտակցի, թե ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ»,-այդ մասին այսօր ՀՀ ռազմական հաստատությունների շրջանավարտներին վկայագրերի հանձնման իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ներկաներից յուրաքանչյուրը նոր նշանակման ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի և հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, «հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց»:

«Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու և սա չափազանց ծանր պատասխանատվություն է, և սա չափազանց հզոր պատասխանատվություն է, և այս պատասախանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք կամքը ոչ միայն ծառայելու, այլև հաղթելու, հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները և ուրեմն ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը միաժամանակ վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդի հաղթանակը, հաղթանակը պատերազմում, պետականության կառուցման գործում և իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում՝ որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այն խլել:

«Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարևոր պաշտպանները դուք եք: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ն Հայաստանի զինված ուժերը և հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть