Սևանա լճի «ծաղկած» ափերում չլողաք. նախարարությունը զգուշացնում է վտանգների մասին - RadioVan.fm

Онлайн

Սևանա լճի «ծաղկած» ափերում չլողաք. նախարարությունը զգուշացնում է վտանգների մասին

2018-07-25 14:38 , Общество, 3357

Սևանա լճի «ծաղկած» ափերում չլողաք. նախարարությունը զգուշացնում է վտանգների մասին

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Առողջապահական գերատեսչությունից զգուշացնում են՝ նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Այդ ամենից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

  • չլողալ կանաչ կամ «ծաղկած»ջրում,
  • արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
  • վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть