Արգելադրված գույքը կհանվի արգելանքից․ վաղվանից ուժի մեջ է մտնում վարորդների համաներման օրենքը - RadioVan.fm

Онлайн

Արգելադրված գույքը կհանվի արգելանքից․ վաղվանից ուժի մեջ է մտնում վարորդների համաներման օրենքը

2018-07-25 14:11 , Общество, 2230

Արգելադրված գույքը կհանվի արգելանքից․ վաղվանից ուժի մեջ է մտնում վարորդների համաներման օրենքը

Վաղվանից՝ հուլիսի 26-ից, ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:

«Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից»,-տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ այն կատարողական վարույթները, որոնք կարճվելու են, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://www.harkadir.am):

Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ:

Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում առաջացած մի շարք վարչական իրավախախտումների տույժ ու տուգանքները վարորդների զիջելու նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը հուլիսի 4-ին հաստատեց և ԱԺ-ի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգ ներառեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Տուգանքներից կազատվեք, բայց ինչպես և որտեղ ուզեք վարել ավտոմեքենան՝ չեք կարող՝ վարորդներին զգուշացրեց վարչապետ Փաշինյանը։

Վարչական համաներմամբ քաղաքացիներին զիջվող գումարը չափը, նշենք, 13,7 մլրդ դրամ է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть