Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հուլիսի 10-ին 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների՝ արյան վարակ ստանալու մասին հարազատների հայտարարությունն ուսումնասիրելու համար Առողջապահության նախարարությունում ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով:
Նշենք, որ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հերյուրանք են համարում հայտարարությունը, թե փոքրիկների առողջական խնդիրը հիվանդանոցային պայմանների հետևանքով է առաջացել. «Անհիմն տեղեկություն է: Այդպիսի տեղեկությունը տարածվել է բժշկուհու նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից: Այդպիսի բան գոյություն չունի», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է նշված բուժհաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Երկու երեխաները «սեպսիս» ախտորոշմամբ տեղափոխվել էին «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որի տնօրեն Բագրատ Բավեյանի տեղեկացմամբ՝ երեխաներից մեկը համապատասխան բուժումն ստացել է և դուրս գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը դեռ բուժվում է և մի քանի օրից նույնպես դուրս կգրվի:
Aysor.am-ի հարցին՝ արդյո՞ք երեխաները վարակվել են հիվանդանոցային պայմաններում, թե՞ ներարգանդային վարակ է, Բավեյանը պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ՝ ներարգանդային, որովհետև ավելի հաճախ դա ներարգանդային պրոցես է: Իսկ հիվանդանոցային պայմաններում առաջացած վարակի համար ժամանակ էր պետք, որովհետև երեխաները ծնվելու օրը կամ մեկ օր հետո են տեղափոխվել «Մուրացան»»: