Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:
Որոշմանը կողմ քվեարկեցին քաղաքի ավագանու՝ նիստին ներկա բոլոր 10 անդամները (ավագանու 4 անդամներ նիստին ներկա չէին)։
Ավագանու նիստում այդ հարցի քննարկման մանրամասները՝ տեսանյութում․
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի նախաձեռնությամբ մեկնարկեց ֆեյսբուքյան հարցում՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը Էջմիածնի ավագանու այսօրվա նիստում քննարկվող հարցերի մեջ ներառելու համար քաղաքացիների կարծիքը պարզելու նպատակով։
Նշենք, որ շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Մանվել Գրգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, իսկ որդին՝ Կարեն Գրիգորյանը, ով հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից, նրա վերաբերյալ քննվող յուրացման եղանակով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման և յուրացման քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը