Վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այսօր Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։
Նախարարի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ նա մտահոգություններն էհայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։
««Սանիթեք»-ի գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։
Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիտեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։
Լիահույս եմ, որ «Սանիտեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երևանի սանիտարամաքրման և աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։
Լրացուցիչ պարզաբանում-հայտարարությամբ հանդես կգա նաև «Սանիտեք» ընկերությունը»,-գրել է նախարար Պապիկյանը:
«Սանիթեք»-ը ժամեր առաջ հայտարարությունէ տարածել, որում նշում է.
««Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»:
Նշենք, որ բնակիչների դիմում-բողոքների հիման վրա նշյալ ընկերության կողմից պարտավորությունների կատարման առնչությամբ և աղբահանության ոչ պատշաճ կատարման խնդրով քննարկման ընթացակարգ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը