«Սա անվճար ջրի երկիր է»․ հայտնի բլոգերը՝ հայաստանյան տպավորություններով - RadioVan.fm

Онлайн

«Սա անվճար ջրի երկիր է»․ հայտնի բլոգերը՝ հայաստանյան տպավորություններով

2018-07-17 19:49 , Общество, 2234

«Սա անվճար ջրի երկիր է»․ հայտնի բլոգերը՝ հայաստանյան տպավորություններով

Հայտնի բլոգեր, սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին, ով համացանցում հայտնի է աշխարհի այս կամ այն վայրի մասին պատմող իր 1 րոպե տևողությամբ հոլովակներով, ճամփորդության 829-րդ օրը Հայաստանում է։

Նաս Դեյլին ժամեր առաջ արդեն կիսվել է առաջին օրվա տպավորություններով՝ հրապարակելով հերթական հոլովակը, որում բլոգերը հիացական է արտահայտվում, մասնավորապես, հայաստանյան ցայտաղբյուրների վերաբերյալ։

«Ինչո՞ւ վճարել պլաստիկե շշերի մեջ լցված ջրի համար, եթե կարելի է պարզապես մոտենալ ցայտաղբյուրին ու խմել։ Սա անվճար ջրի երկիր է։ Դու քայլում ես, ծարավում ես, խմում ես ու անցնում»,-իր բացահայտումով է կիսվել բլոգերը, ով պարզել է նաև, թե հայերն ինչպես են կոչում դրանց՝ «պուլպուլակ»։

Նշենք, որ երկու տարի առաջ՝ 2016-ին, Հարվարդի շրջանավարտ Նյուսեիր Յասինը՝ նույն ինքը՝ Նաս Դեյլին, հաջողակ կյանք վարելով Նյու Յորքում՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունում վաստակելով տարեկան $ 120,000, որոշում է կայացնում ճանապարհորդել։ 26-ամյա երիտասարդին չի լքում այն զգացողությունը, որ կյանքը անցնում է իր կողքով։

Այդպիսով՝ նա 2016-ի փետրվարից սկսում է իր ճամփորդությունները` Նիգերիայից մինչև Մյանմար, Ֆիլիպինների Ֆուջի լեռ և այլուր՝ օրական մեկ րոպե տևողությամբ տեսանյութեր պատրաստելու և դրանցով իր հետևորդների հետ կիսվելու համար: Բոլոր վայրերում, ի դեպ, նա ներկայանում է նույն վերնաշապիկով, որում պատկերվածից հասկանում ենք, որ նա դեռ կյանքի 33 %-ն է անցել։

Միայն «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բլոգերն այսօր 7 մլն-ից ավելի հետևորդ ունի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть