Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նախօրեին գրությամբ դիմել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը Հանրայինի եթերով ցուցադրելու առաջարկով:
Լևոն Զուրաբյանի՝ Ռուբեն Ջաղինյանին հասցեագրված նամակում, մասնավորապես, ասված է․
«Պարոն Ջաղինյան,
Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի են ունեցել լայնածավալ ընտրակեղծարարություն, այնուհետ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ իշխանազավթում: Այս մասին ասված է նաեւ վերջերս հրապարակված Հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ:
Այս ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար: Ինչպես նաեւ արգելվել է հանրային եթերով այդ իրադրությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադումը:
Հաշվի առնելով, որ ոճրագործ ռեժիմը հեռացված է իշխանությունից եւ ստեղծվել են նախադրյալներ մամուլի ազատության եւ տեղեկությունների ազատ շրջանառման համար, հաշվի առնելով նաեւ, որ անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ ժողովրդին ծանոթացնել այդ ոճրագործության մանրամասներին, Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրել ականավոր հրապարակախոս եւ ռեժիսյոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը անաչառ ներկայացնում է կատարվածը»:
ՀԱԿ փոխնախագահը նամակին կից միաժամանակ ներկայացրել է տեսաֆիլմի օրինակը:
Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:
Օրեր առաջ, միայն, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ հրապարակեց, ըստ որի իրազեկվեց, որ ծառայությունը նախաքննությամբ պարզել է, որ ԶՈւ ստորաբաժանումները, որոնք Սահմանադրությամբ պարտավորված են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, 2008 թվականի մարտի 1-2-ին, ոստիկանության հետ համատեղ, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Սահմանադրության պահանջը շրջանցելու, զինված ուժերը քաղաքական հարցերում օգտագործելու մեջ որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կալանավորելու որոշմամբ։
Հայտնի է նաև, որ «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կհարցաքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վկայի կարգավիճակում։ Նրա գրասենյակից հայտնել են, որ Քոչարյանը ՀՀ-ում կլինի հուլիսի 25-ից։
Հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, իսկ մարտի 1-ից հետո՝ 2008թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը