Բարերարների փողերը օնլայն խաղատներում վատնած Արա Վարդանյանը ներողություն է խնդրում բոլոր նվիրատուներից - RadioVan.fm

Онлайн

Բարերարների փողերը օնլայն խաղատներում վատնած Արա Վարդանյանը ներողություն է խնդրում բոլոր նվիրատուներից

2018-07-10 12:38 , Общество, 1721

Բարերարների փողերը օնլայն խաղատներում վատնած Արա Վարդանյանը ներողություն է խնդրում բոլոր նվիրատուներից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան, ով նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրապետության նախագահ, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչն ընդունվել է ի գիտություն, այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնում է իր հրաժարականի պատճառների մասին։

«Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում՝ քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը: Ինչն անձամբ ինձ համար ինձ համար անթույլատրելի է»,-հիմնավորում է Արա Վարդանյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Նա նշում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից և, որ ինքը հենց այդ գիտակցումով է 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:

«Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց«Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը»,-ընդգծում է հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրենը՝ ներողություն խնդրելով Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից:

«Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը»,-վստահեցնում է Արա Վարդանյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Արա Վարդանյանը միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ ԱԱԾ-ի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներին այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:

Յուրացումների մեջ կասկածվող և հուլիսի 2-ին ձերբակալված Արա Վարդանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հուլիսի 6-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть