Մեր համատեղ ճանապարհը ընդհատվում է․ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց - RadioVan.fm

Онлайн

Մեր համատեղ ճանապարհը ընդհատվում է․ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

2018-07-09 19:09 , Политика, 1878

Մեր համատեղ ճանապարհը ընդհատվում է․ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել համաքաղաքացիներին, որում հայտնում է քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Տարոն Մարգարյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Հիշեցնենք՝ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում գրելու մասին դեռ հունիսի 27-ին հայտնել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, մինչդեռ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում էին քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը։

Նշենք, որ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, որի արդյունքում վարչապետ ընտրվեց ժողովրդի թեկնածու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքացիներ հանդես եկան բողոքի ակցիաներով՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Բողոքի ալիքը նոր թափ ստացավ «Ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները» վերնագրով FACT TV-ի՝ վարչապետի ներկայիս օգնական Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրապարակած հետաքննական տեսանյութից հետո, որում ներկայացված է ամբողջ կյանքի ընթացքում բացառապես պետական պաշտոնյա հանդիսացող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուտակած բավականին մեծ ունեցվածքը։

Տարոն Մարգարյանը Երաևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. նոյեմբերի 15-ից։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով նա այդ պաշտոնում վերընտրվել է 2013թ. մայիսի 5-ին և 2017թ. մայիսի 14-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть