Յուրացումների մեջ կասկածվող և հուլիսի 2-ին ձերբակալված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Արա Վարդանյանը միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ ի բարօրություն Հայաստանի և Արցախի համայն հայության հանգանակությունները խաղատներում վատնած Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 18-ին հետևյալ գրառումն է արել (դրան նախորդած օրը՝ հունիսի 17-ին, ԱԱԾ-ն հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից զինվորներին հասցեագրված տարատեսակ ապրանքների յուրացման փաստով տեղեկատվություն էր տարածել-խմբ․)․
«Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ չէր: Մեկը ասում է կախել, մյուսը գնդակահարել , մեկ ուրիշը` ցմահ նստեցնել, իսկ ես կասեմ` ՄՏԱԾԵԼ: Մտածել նրա մասին, որ այս մարդը մեր հասարակության մի մաս է: Լավ, ուր ենք հասել, ուր ենք գնում............ Մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել եմ` մեր հասարակությունը կարծես թե մոռանում է, որ գրեթե ամեն օր մեր երեխաներին սպանում են սահմաններին, իսկ հասարակության մի մեծ մաս զբաղված է էլ ավելի ճոխ հարսանիք կազմակերպելով, էլ ավելի թանկ շոր գնելով, էլ ավելի ճչացող հագուստ հագնելով, էլ ավելի լպիրշ պահվածքով: Մենք պետք է փոխենք մեր հասարակական մոտեցումը` հարուստ լինելը լավ է նրանով, որ կարող ես շատ մարդու օգնել, այլ ոչ թե ի ցույց դնես հարստությունդ: Բոլորս պետք է փոխվենք, բոլորս: Երբ հասարակությունը փոխվի, այլևս երբեք չենք ունենա նման մարդկանց: Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին»:
Նշենք, որ Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է 2009 թվականի մայիսից։ Այս տարի՝ մայիսի 27-ին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից նա կրկին վերընտրվեց այդ պաշտոնում՝ 3 տարի ժամկետով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին։ Նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը