ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Կոմիտեից նշում են, որ առանձին քրեական գործերով պատշաճ քննության կատարման և պարզված հանգամանքների վերաբերյալ՝ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։
Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ կձևավորվի հասարակական մոնիթորինգի խումբ, որի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։
Քննչական կոմիտեից հետաքրքրվածներին խնդրում են քննարկմանն իրենց մասնակցության վերաբերյալ հայտերն ուղարկել [email protected] էլփոստով՝ նշելով ՀԿ-ի անունը և կոնտակտային անձի հեռախոսահամարը։
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 9-ը ներառյալ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Կառավարության ղեկավարը լսել էր նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները և վստահեցրել, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում՝ միջնորդելով, որ իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը