Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է «Դուխով» գրառմամբ լոգոյի կոմերցիոն կիրառմանը՝ բուքմեյքերական գրասենյակներին կոչ անելով չօգտագործել այն։
Փաշինյանը, որը հանդիպմանը եղել է հենց այդ լոգոյով գլխարկով՝ նկատել է, որ վերջին շրջանում այդ լոգոն կոմերցիոն նպատակներով է օգտագործվում:
«Ես դրան սկզբունքորեն դեմ չեմ, բայց այն օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից: Կոչ կանեի, որ այդ նպատակներով չօգտագործվի, առանց այդ էլ մարդիկ բուքմեյքերական գրասենյակների տարբեր խաղային ավտոմատների հետ կապված խնդիրներ ունեն: Եթե շարունակվի օգտագործվել, պետք է մտածենք, թե այս լոգոյի հետ ինչ անենք»,-ընդգծել է «Դուխով» կարգախոսի ներքո Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվելու է Սյունիքում։ Սա, նշենք, վարչապետի կարգավիճակում Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:
Ինչպես հայտնել էր նա ֆեյսբուքյան իր էջում՝ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում, նաև դահլիճային հանդիպում՝ Քաջարանում։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Վաղը վարչապետ կուղևորվի Վայոց ձորի մարզ, կայցելի Ամուլսարի հանքավայր, որտեղ, նշենք, երկու շաբաթ է բողոքի ցույցեր են՝ ընդդեմ հանքի շահագործման:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը