50-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը - RadioVan.fm

Онлайн

50-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը

2018-07-03 16:20 , Право, 1576

50-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը, ով, նշենք, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետն է։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

«Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,-հաղորդում են քննչական կոմիտեից՝ նշելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Лента

Рекомендуем посмотреть