Онлайн

Նրան միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլև նրա սաների նոր հաջողություններով․ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ

2018-07-03 16:09 , Культура, Шоу бизнес, 330

Նրան միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլև նրա սաների նոր հաջողություններով․ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:

Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաև աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:

Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլև հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաև Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների և իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլև ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:

Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում։

Սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը երկարատև ծանր հիվանդությունից մահացել է երեկ երեկոյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Երգչուհին երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա 64 տարեկան էր։

Лента

Рекомендуем посмотреть