Եթե չլիներ մասնավորի աջակցությունը՝ «Արի տուն-2018»-ի մասնակիցներին սնելը պետությանը կարժենար 6 մլն դրամ - RadioVan.fm

Онлайн

Եթե չլիներ մասնավորի աջակցությունը՝ «Արի տուն-2018»-ի մասնակիցներին սնելը պետությանը կարժենար 6 մլն դրամ

2018-07-03 16:02 , Общество, 1281

Եթե չլիներ մասնավորի աջակցությունը՝ «Արի տուն-2018»-ի մասնակիցներին սնելը պետությանը կարժենար 6 մլն դրամ

Սփյուռքահայ պատանիների հայրենաճանաչության 4 փուլից բաղկացած «Արի տուն-2018» անցումային ծրագիրը մեկնարակել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ մինչև օգոստոսի 11-ը անցկացվող ծրագիրն իրականացվում է այն մասնակիցների համար, որոնց չէր հաջողվել հետ վերադարձնել ավիատոմսերը կամ փոխել ժամկետները:

«Ծրագիրը կազմված է երկու մասից` կրթական և ճանաչողական: Առաջինը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ: Իսկ ճանաչողական մասը նախատեսում է այցելություններ Հայաստանի պատմամշակութային և տեսարժան վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Երեխաները նաև կհանդիպեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Այս ծրագրի առաջին փուլին մասնակցում է 61 հոգի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից։ Ընդհանուր առմամբ, ծրագրին կմասնակցի ավելի քան 150 երիտասարդ»,-նշում է նախարարը՝ ուրախությամբ հայտնելով, որ «Արի տուն»-ը այս տարի իրականացվում է երեխաներին հյուրընկալող ընտանիքների և մի քանի կազմակերպությունների հետ համատեղ ջանքերով:

Այդ համատեքստում սփյուռքի նախարարը, մասնավորապես, առանձնացնում է փաստը, որ մասնավոր հատվածի գործընկերների աջակցությամբ հնարավոր է դարձել պատանիներին սնունդով ապահովել օրը երկու անգամ։ Եթե գործընկերների հետ բանակցություններն արդյունք չտային՝ այն պետությանը կարժենար 6 մլն դրամ։

Նախարար Հայրապետյանը հիշեցնում է, որ օգոստոսի 10-24-ը իրականացնելու են «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն մի քանի հարյուր սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть