Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի հուշարձանը «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում տեղադրելն անընդունելի է համարում - RadioVan.fm

Онлайн

Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի հուշարձանը «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում տեղադրելն անընդունելի է համարում

2018-06-29 15:55 , Общество, 2127

Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի հուշարձանը «Հանրապետության հրապարակ»  մետրոյի կայարանում տեղադրելն անընդունելի է համարում

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակայքում Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին՝ կիսելով հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:

Նախարարության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:

Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կոմիտեն դադարեցնում է առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները: Սակայն երեկ՝ հունիսի 28-ին այն տեղադրվեց նախապես պլանավորված վայրում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում։

Արամ Մանուկյանի արձանը, նշենք, Երեւանում պետք է տեղադրվեր դեռ մայիսի 28-ին՝ լինելով Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների գլխավոր միջոցառումներից մեկը, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть