Ինչպես հաղորդել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում ֆինանսական չարաշահումների մասով քննվող քրեական գործով օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը»։