«Ես էն ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ կոլխոզի նախագեքը՝ գեներալսկի հագուստներով, էն վախտ ձեզ չէր հետաքրքրում դա։ Հմի հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ ըտենց ա եղել, 25 տարի էլ ըտենց գնում ա ու ցիրկ մի տվեք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կալանքից ազատ արձակված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե բոլորին ստուգեն, պատկերը կլինի այն, ինչ եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։
«Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինես, մարշալ լինես, ասենք՝ ռեստորաններ ունենաս, դղյակներ ունենաս։ Հարց ա ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ»,-ասել է Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ նրանց, ում գեներալ են անվանում, նրանց 99 տոկոսին ինքը կոլխոզի նախագահ է համարում։
«Ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ։ Իշխանությունը դրանց սարքել ա անձեռնմխելի։ Դրանք, անկեղծ եմ ասում, բոլորը ժամանակին եղել են տուզիկ։ Պետությունը դրանց ասել ա՝ դու Էջմիածնի սմատրյաշչին ես, ֆսյո»,-նկատել է Արցախի հերոսը։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Իգլա»-ի գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի ռազմամթերք փոխադրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի (փողերի լվացում) հատկանիշներով:
Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը, ըստ որի ակնկալվում էր, որ նա Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ կարձակվի մայիսի 25-ին։