«Կարող է Արարատը սիմվոլիկ կերպով տրվի հայերին»․ թուրք պատմաբանը՝ Հայոց ցեղասպանության և փոխհատուցման մասին - RadioVan.fm

Онлайн

«Կարող է Արարատը սիմվոլիկ կերպով տրվի հայերին»․ թուրք պատմաբանը՝ Հայոց ցեղասպանության և փոխհատուցման մասին

2018-06-19 19:00 , Общество, 3388

«Կարող է Արարատը սիմվոլիկ կերպով տրվի հայերին»․ թուրք պատմաբանը՝ Հայոց ցեղասպանության և փոխհատուցման մասին

Ի տարբերություն այլ ցեղասպանությունների՝ հայերը ցեղասպանվել են իրենց հայրենի բնօրրանում և ես այդ շրջանն անվանում եմ այնպես, ինչպես հայերը՝ Արևմտյան Հայաստան։ Այդ մասին այսօր Երևանում հայտարարեց թուրք հայտնի պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը՝ իր՝ «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսին։

Քանի դեռ Թուրքիան չի առերեսվել պատմության հետ՝ չի կարող լուծել նաև իր ներքին խնդիրները՝ ասում է պատմաբանը։

Your browser does not support the audio element.

Պրոֆեսորն ընդգծում է, որ ցեղասպանության ճանաչման պարագայում միայն ներողությունը բավարար չէ։

«Հաստատապես փոխհատուցում պետք է լինի, թեև ոչնչածվածը նույնությամբ վերադարձնել անհնար է»-նշել է Աքչամը, ով դեռ երկու տարի առաջ տպագրված իր հոդվածում թուրք կառավարությանն առաջարկել է հետևել Իսրայելի հարցում Գերմանիայի օրինակին՝ այն է 1952թ․ Լյուքսեմբուրգի պայմանագրին, որի օրինակով հայերն Արևմտյան Հայաստանում հնարավորություն կստանան հանդես գալ որպես պետություն, իսկ սփյուռքահայերին տեղ կտրվի որպես առանձին գոյություն։

64-ամյա թուրք պատմաբանը դժվարանում է սակայն նշել, թե փոխհատուցման չափանիշը ո՞րը պետք է լինի։

«Կարող է սոցիալական փաթեթի օգնություն տրվի, կամ՝ Տրապիզոնի նավահանգստից օգտվելու հնարավորություն, կամ՝ Արարատը սիմվոլիկ կերպով տրվի հայերին։ Կարևորը փոխադարձ հասկացվածությունն է»,-ընդգծում է նա՝ առավել ընդունելի համարելով ոչ թե սահմանների փոփոխման վերաբերյալ քննարկումը, այլ՝ սահմանների ազատությունը։

«Այդուհանդերձ, փոխհատուցումն այնպիսին պետք է լինի, որ բավարարի բոլոր հայերին»,-նշում է պրոֆեսորը, ով հիշատակելով Գերմանիայի և Իսրայելի միջև կնքված նույն Լյուքսեմբուրգի պայմանագիրը՝ նկատում է՝ տասնյակ հազարավոր հրեաներ դուրս եկան Թել Ավիվի փողոցներ՝ հայտարարելով, որ չեն ընդունում մարդասպանների գումարները։

«Երանի թե այդ մակարդակին հասած լինեինք և այդ թեման քննարկեինք»՝ ասում է։

Թաներ Աքչամի՝ թուրքական կառավարության ոճրագործությունների վրա լույս սփռող «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում» գիրքը թարգմանել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, այն հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Գիրքը թարգմանվել և տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Երեք բաժիններից բաղկացած գրքի առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ: Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Հեղինակը մոտ 6-7 ամիս անցկացրել է օսմանյան արխիվներում, հետազոտել ծածկագրերով լի բոլոր փաստաթղթերը։ «Շատ բառեր՝ արտաքսել, իմ եղբայրը, հայեր և այլն, ծածկագրված են եղել: Սակայն Օսմանյան կայսրությունը փոխել է ծածկագրման համակարգն ամեն տարի: Ուստի պետք էր նույն ամսվա ընթացքում դիտարկել փաստաթղթերը՝ ծածկագրերը հասկանալու համար: Այն, ինչ ես բացահայտեցի, ապշեցուցիչ էր»,-պատմել է Թաներ Աքչամը։

Գրքի թարգմանիչ Մելինե Անումյանի խոսքով՝ Աքչամն, ըստ էության, հերքում է իսլամացված հայերի մասին թյուր թեզերը թե` եթե այդքան մեծ թվով իսլամացած հայեր կան, ապա ցեղասպանություն չի իրականացվել։ Աքչամը, ինչպես և հայ պատմաբանները փաստում են՝ իսլամացած հայերը ևս ցեղասպանության հետևանք են, և նրանց պետք է դիտարկել ցեղասպանության համատեքստում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть