Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:
Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև:
Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:
Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։
Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի քան 20 տարի Երկրապահ կամավորական միությունը (ԵԿՄ) ամենամյա բանակումներ է անցկացնում ակտիվ պահեստազորի համար, դիմում է ՊՆ ու ստանում անհրաժեշտ պիտույքներ, սնունդ, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) վերահսկողության մեխանիզմներ չունի պարզելու, թե ծառայում է տրվածը նպատակին։