Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է պաշտպանության նախարարությունում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։
Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք»,-գրել է Պետական վերահսկողական ծառայության պետը՝ ընդգծելով, որ սիրում է բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը։
Նշենք, որ նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց նյութեր այն մասին, որ շաբաթ օրը՝ հունիսի 16-ին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալված գեներալ, Արցախի հերոս «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ փաստին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այն իրերն ու առարկաները, որոնք արտադրված են Զինված ուժերի համար, օրինական կարգով են փոխանցվել Երկրապահ կամավորական միությանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը