Ավելի քան 20 տարի Երկրապահ կամավորական միությունը (ԵԿՄ) ամենամյա բանակումներ է անցկացնում ակտիվ պահեստազորի համար, դիմում է ՊՆ ու ստանում անհրաժեշտ պիտույքներ, սնունդ, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) վերահսկողության մեխանիզմներ չունի պարզելու, թե ծառայում է տրվածը նպատակին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել էՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն իրերն ու առարկաները, որոնք արտադրված են Զինված ուժերի համար, օրինական կարգով են փոխանցվել Երկրապահ կամավորական միությանը։
Եթե տրամադրված իրերն ու սնունդը չեն ծառայել նպատակին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, դա քրեորեն պատժելի արարք է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:
Նշենք, որ նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որում, մասնավորապես, ասված էր, որ «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:
Անդրադառնալով այս փաստին՝ ՊՆ խոսնակն ասել է՝ «Քննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով ենք դրանք հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ: Պետք է հստակ տարանջատել․ այն առարկանները, որոնք ՊՆ-ի կողմից օրինական կարգով տրամադրվել են, բայց չեն ծառայել իրենց նպատակին, առանձին հարց է: Այն առարկանները, կապի համակարգերը,որոնք տրամադրվել են դպրոցականների, Ռուսաստանում ապրողների ու այլոց կողմից ու տեղ չեն հասել, այդ մասով որևէ բան ասել չեմ կարող»։
Այն հարցին, թե նման բացահայտումից հետո ԵԿՄ-ն կշարունակի գոյություն ունենալ, մամուլի խոսնակը նշել է, որ որևէ բան ասել չի կարող:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: