Պուտինի միջնորդությամբ ծանոթացել են Փաշինյանը և Ալիևը - RadioVan.fm

Онлайн

Պուտինի միջնորդությամբ ծանոթացել են Փաշինյանը և Ալիևը

2018-06-15 14:11 , Политика, 1771

Պուտինի միջնորդությամբ ծանոթացել են Փաշինյանը և Ալիևը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին ֆեյբուքյան ուղիղ եթերում իր բացմահազար հետևորդներին երեկ երեկոյան հայտնեց Հայաստանի վարչապետը։ Նա մանրամասնեց, որ Պուտինն իրենց ծանոթացրել է ֆուտբոլային խաղից հետ ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ մոսկովյան երկօրյա այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդիպել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Փաշինյանի գնահատմամբ՝ ճանաչողական հանդիպումը շատ լավ ու ջերմ մթնոլորտում է անցել, քննարկվել են հայ-ռուսական օրակարգի բազմաթիվ հարցեր:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել հունիսի 13-ին։ Պաշտոնական հանդիպումներից զատ՝Փաշինյանը տիկնոջ հետ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում երեկ ներկա է գտնվել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, հետևել առաջին խաղին։ Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Հավելենք, որ առաջնության առաջին խաղում հանդես եկան Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Խաղն ավարտվեց 5։0 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть