Ժիրայր Սեֆիլյանը գրավի դիմաց ազատ կարձակվի․ գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են - RadioVan.fm

Онлайн

Ժիրայր Սեֆիլյանը գրավի դիմաց ազատ կարձակվի․ գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են

2018-06-13 17:10 , Право, 1809

Ժիրայր Սեֆիլյանը գրավի դիմաց ազատ կարձակվի․ գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են

Շուրջ երկու տարի ճաղերի ետևում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը կիսով չափ կրճատվել է․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ նա պատիժը կկրի 5,5 տարի՝ 10,5-ի փոխարեն։ Դատարանը միաժամանակ բավարարել է Սեֆիլյանի խափանման միջոցը պատգամավորների երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Սեֆիլյանն ազատ կարձակվի, երբ նրա համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ վճարի։

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն օրեր առաջ հայտնել էր, որ իր խմբակցության պատգամավորները Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել։

Վերաքննիչ քրեական դատարանը, նշենք, նաև մասնակի բավարարել է գործով անցնող մյուս բանտարկյալների մասով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները։ Ըստ այդմ՝ Հրայր Թոփչյանի նկատմամբ, ով տատապարտվել էր 3 տարի ազատազրկման, պատժաչափը սահմանվել է երկու տարի ժամկետով, որոշում է կայացվել նրան անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։

3 տարվա ազատազրկման դատապարված Գալուստ Գրիգորյանի նկատմամբ ևս որոշում է կայացվել սահմանել 2 տարի ժամկետ և ազատել կալանքից։

Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել երկու տարին և կալանքից ազատ արձակելու որոշում է կայացվել (նա ազատազրկվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով), Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժը նշանակվել է երկու տարի ժամկետով, նա ևս կալանքից ազատ է արձակվել (Կիրակոսյանի պատժաչափը 3 տարի 6 ամիս էր), Գևորգ Սաֆարյանը, ով դատապարվել էր 5 տարի 5 ամիս ժամկետով, ևս ազատ է արձակվել, նրա նկատմամբ պատիժը նշանակվել է 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 20-ի վճռով Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ, հետո նաև, Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ռազմավարական նշանակության շենքեր գրավելու և իշխանություններին ինչ-որ գործողություններ պարտադրելու նպատակով ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու մեղադրանքով։ Ընդդիմադիր գործիչը մեղադրանքներն անհիմն է համարում, նա վերաքննիչ ատյանում պահանջում էր արդարացում:

Սեֆիլյանը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 20-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть