ՃԵԿ խախտումները վերագրվել են գույք չունեցողներին․ պետությանը պատճառվել է 168 մլն դրամի վնաս - RadioVan.fm

Онлайн

ՃԵԿ խախտումները վերագրվել են գույք չունեցողներին․ պետությանը պատճառվել է 168 մլն դրամի վնաս

2018-06-08 15:27 , Право, 2165

ՃԵԿ խախտումները վերագրվել են գույք չունեցողներին․ պետությանը պատճառվել է 168 մլն դրամի վնաս

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտումների համար նշանակված տուգանքների ընդհանուր 168090000 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձանց անվամբ:Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները՝ պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

«Փաստացի ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանքներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը, իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարիշարունակ 15 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նշված գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատես­ված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել էՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,-հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Միաժամանակ նշվում է, որ սա նման բնույթի թվով հինգերորդ քրեական գործի հարուցումն է:Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրվում են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է:

Արձանագրված մյուս խախտումները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված գրություններին ի պատասխան ստացված լրացուցիչ փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա գնահատական կտրվեն արձանագրված մյուս խախտումներին, կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման վերաբերյալ կներկայացվեն միջնորդագրեր: Կարող են հարուցվել նոր քրեական գործեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть