Կառավարությունը «One man show» չի, մի փակեք մեր քննադատության բերանը Նիկոլ Փաշինյանի կերպարով․ Աշոտյանը՝ նախարարներին - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը «One man show» չի, մի փակեք մեր քննադատության բերանը Նիկոլ Փաշինյանի կերպարով․ Աշոտյանը՝ նախարարներին

2018-06-07 19:03 , Политика, 1602

Կառավարությունը «One man show» չի, մի փակեք մեր քննադատության բերանը Նիկոլ Փաշինյանի կերպարով․ Աշոտյանը՝ նախարարներին

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան ծրագիր էր ներկայացված։ Ելույթն ավելի լավն էր, քան հարց ու պատասխանը, հարց ու պատասխանն ավելի լավ էր, քան՝ ծրագիրը։ Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում բազմաթիվ, գոնե, ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին»,-այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով դիմելով վարչապետին նկատեց․

«Երբ դուք ընդդիմադիր էիք, փայլուն էլույթ էիք ունենում։ Վստահ եմ՝ կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք, թե էստեղ ինչեր կանեիք, ինչ հռետորության դասեր կտայիք այդ ծրագրի հետ կապված։ Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր այդ առիթը ունենք Ձեր փոխարեն»։

Աշոտյանը պատմական էքսկուրս արեց 1900-ականներից․ «Երբ 1919 թվականին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետերից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Կադերևսկուն, իր նամակի մեջ գրել էր՝ «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»»:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ Աշոտյանը նկատեց՝ շատ լավ ծրագիր է, ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, որով կառավարությունն իրեն ոչնչով չի պարտավորեցրել։

Անդրադառնալով կառավարության ծրագրային կետերին, մասնավորապես, Արցախյան խնդրի կարգավորմանն առնչվող կետին, Աշոտյանը նշեց՝ որևէ մեկը որևէ բան չի հասկանում։

«Մեզ տվեք Արցախի խնդրի կարգավորման այսօրվա իշխանական բանաձևը, որ մենք անկախ քաղաքական տարածայնություններից այն առաջ տանենք: Գոնե ականջներիս ասեք, եթե չեք ուզում բարձրաձայն ասել:․․Ես միշտ գիտեի, որ արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Արցախի և Հայաստանի վրա, քանի որ Արցախը կյանքի է կոչել իր ինքնորոշման իրավունքը: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով, ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է»,-ընդգծել է հանրապետական պատգամավորը՝ առաջարկելով մինչ քվեարկությունը շարադրանքից հանել «հիմնական կողմ» ձևակերպումը, քանի որ այն վտանգավոր է։

Ծրագրային մի շարք թերություններ ու բացթողումներ մատնանշելուց զատ՝ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև տնտեսական առաջնահերթություններին՝ նկատելով, որ տնտեսական բլոկը քոփի փեյսթ է արված Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթից:

«Այն ինչ կարելի է վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին: Աշխատեիք մի քիչ տեքստի վրա»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է,-ծրագրի հեղինակներին դիմեց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով,-դուք ժամանակավոր կառավարություն չեք, դուք ՀՀ կառավարություն եք, ինչքան կաշխատեք՝ Աստված ու ժողովուրդը գիտի։ Ձեր վերաբերմունքը աշխատանքին պետք է լինի հավուր պատշաճի։ Ձեր առաքելությունը արտահերթ ընտրությունը չի, դա ձեր քաղաքական շահն է, նպատակը։ Դուք պարտավոր եք մտածել երկարաժամկետ»։

«Կառավարությունը ինչքան էլ կազմվել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, աշխատանքով, վստահությամբ՝ «One man show» չի, բարի եղեք յուրաքանչյուրդ ձեր վրա վերցրեք պատասխանատվություն, այդ թվում ոլորտային և մի փակեք մեր քննադատության բերանը Նիկոլ Փաշինյանի կերպարով: Հասկանում ենք, իրեն սիրում են, հեշտ է պախկվել նրա հեղինակության թիկունքում, եթե նա այսօր այդպիսի մեծ հեղինակություն ունի, բայց վերցրեք ձեր վրա այդ բեռը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть