Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը: Նիստի մեկնարկին դատավորն իր ցավակցությունն է հայտնել Ղուկասյանին՝ հոր մահվան կապակցությամբ։ Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի հայրը մահացել էր վերջերս և Ղուկասյանը, ով գտնվում էր կալանքի տակ, դատավորի թույլատվությամբ մասնակցել է հոր հուղարկավորությանը։
Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրված նախորդ տարվա հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթածն ու պատանդներին պահելու փորձերի մեջ»: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, սակայն, որ Ղուկասյանը, որի գործողություններից ըստ մեղադրանքի տուժել է 36 անձ, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունները չի հացրել ավարտին:
Նշենք, որ «Ոտքի Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Լուսանկարները՝ Photolure-ի