Վրացի ամուսինները սպանել են իրենց Սևան տարած տաքսու վարորդին - RadioVan.fm

Онлайн

Վրացի ամուսինները սպանել են իրենց Սևան տարած տաքսու վարորդին

2018-06-06 19:17 , Право, 2522

Վրացի ամուսինները սպանել են իրենց Սևան տարած տաքսու վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:

26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,-հայտնում են քննչական կոմիտեից՝ նշելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть