Արցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին։
Կամո Աղաջանյանի հայտարարությունում ասված է.
«Սիրելի Արցախցիներ
Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն, այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։
Սիրելի հայրենակիցներ
1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին, ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։ 2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս, ստեղծելու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել, թողնում եմ ձեր դատին։
Որքան էլ որ բարձրագոչ հնչի, ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգությունը, ժողովրդի խաղաղ կենսագործունեությանհամար բոլոր պայմանների ապահովումը, որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։
Սիրելի բարեկամներ
Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը, ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
Վերջում կուզեի հավաստիացնել, որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն։
Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը»:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Արցախի ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ակցիաներ էին ընթանում: Ծեծված քաղաքացիների հարազատներն ու ընկերները, փակելով Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջում էին Արցախի Հանրապետության ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Արցախի Հանարապետության նախագահ Բակո Սահակյանը, «քննարկվել է հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։ Ցույցերը դադարեցնելու մասին կոչով հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ՝ հունիսի 5-ին, հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց երեք օր շարունակ իրականացրած բողոքի գործողությունները դադարեցնելու մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը