Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման քրգործով անցնող Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները դադարեցվել են - RadioVan.fm

Онлайн

Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման քրգործով անցնող Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները դադարեցվել են

2018-06-05 19:36 , Право, 1722

Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման քրգործով անցնող Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները դադարեցվել են

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի պաշտոնեական լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ժամանակավորապես դադարեցրել է՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման փաստով ձերբակալվեցին մայիսի 31-ին։ Հունիսի 2-ին, սակայն, դատարանն անօրինական ճանաչեց ձերբակալումը և նրանց՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ՝ ազատ արձակելու որոշում կայացրեց:

Հիշեցնենք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի հետագա իշխանավարման այդ օրերին իրականացված «Իմ քայլը» շարժման բողոքի գործողությունների ընթացքում, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունի վարչական շրջան երթի ընթացքում «հարկադրաբար հեռացվել էին հավաքի վայրից»՝ «Արցախի փողոցում ապօրինի երթ անցկացնելու և զանգվածային անհնազանդությունների կոչ անելու» հիմնավորմամբ, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա՝ բռնության գործադրմամբ հայհոյել ու էլեկտրահարել նրանց:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть