Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված և շուրջ 4 տարի ճաղերի ետևում գտնվող 34-ամյա Հայկ Կյուրեղյանի պատժի կրման տեսակը փոփոխվել է: Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դատապարտյալն պատժի մնացյալ մասը՝ այն է 5 տարին, կկրի բաց ռեժիմում: Ըստ որի՝ նա կարող է առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, աշխատանք գտնելու դեպքում՝ աշխատել և երեկոյան դարձյալ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք՝ 2014-ի ամռանը, արժեքների հեղափոխության պահանջով փողոց դուրս եկած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին,Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի բակում կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն»՝ դատապարտելով նրան 9 տարվա ազատազրկման։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը