Հայաստանում տիրող արատավոր երևույթների՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, քայքայիչ աղանդների դեմ պայքարելու առաքելությամբ հանդես եկող «Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը բաց նամակ է ուղղել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին, որում նոր որակի և մատչելի առողջապահական համակարգ ունենալու նպատակով՝ առաջարկում են իրենց լուծումները:
Բաց նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան Պարոն Թորոսյան, ցանկանալով Հայաստանի Հանրապետությունում ունենալ նոր որակի և մատչելի առողջապահական համակարգ, դիմում ենք Ձեզ խնդրանքով և առաջարկով։
Երկար տարիներ ՀՀ-ում գործող թե պետական, թե մասնավոր հիվանդանոցներ այցելությունը՝ ստուգումը, կոնսուլտացիան, բուժումը, յուրաքանչյուր քաղաքացու համար դառնում է նոր պարտքերի և վարկերի պատճառ։
Պետք է, որ տեղյակ լինեք, հիվանդանոցներում այսպես կոչված կոնսուլտացիաները սկսվում են 5000 դրամից հասնելով 10,000 և որոշ դեպքերում նաև ավելի շատ գումարների։ Մեծամասամբ բժիշկները իրենց դիմած հիվանդներին ուղղարկում են լաբորատոր և տարբեր հետազոտությունների, որոնք ևս լուրջ ֆինանսական խնդիրներ են ստեղծում ազգաբնակչության համար։
Խնդրում ենք շատ արագ կարգավորել այս հարցը, քանզի դա բխում է ՀՀ մեծամասնության շահերից։
Հարցի կարգավորման համար առաջարկում ենք․
1․Վերացնել կոնսուլտացիայի համար վճարվող գումարները։
2․ Բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձները։
3․ Հնարավորինս նվազեցնել բոլոր, այդ թվում ՄՌՏ և ՀՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտությունների գները։
Կարելի է կազմել պետական բժշկական հաստատություններից օգտվելու՝ բուժվելու, վիրահատվելու և այլնի, ծախսերի գնացուցակ, այն հրապարակել և փակցնել բոլոր հիվանդանոցների պատերին, որն էլ կկանխարգելի կոռուպցիոն այլ դեպքերը։
Շատ դեպքերում հիվանդները և հիվանդատերերը չգիտեն բուժման իրական արժեքները և ընկնում են տարբեր անկուշտ մարդկանց ծուղակները։
Պարոն Նախարար, կխնդրենք նաևՁեզ, որպեսզի հետևեք մի շարք հիվանդանոցների սանիտարահիգենիկ պայմաններին։ Երևանում գործող և ամենամեծ հիվանդանոցներից մեկի մի շարք բաժամունքներում տիրում է այնպիսի իրավիճակ, որ անգամ այդտեղ մտնելը դառնում է զզվանքի պատճառ։
Մեր երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը թույլ էր տալիս եզրակացնել, որ պետք է տեղի ունենա կտրուկ փոփոխություններ, որ այս պահին դեռ ակնհայտ չեն։
Նաև խնդրում ենք հետևողական լինել Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի կրթության որակին, որովհետև այն ինչ հրամցվում է արտաքնապես, իրականությանը չի համապատասխանում։
Խնդրում ենք շտապ կարգավորել վերը նշված խնդիրները, քանի որ դա առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ժողովրդավարական երկրի համար՝ ունենալ որակյալ և մատչելի բժշկություն։
Հարգանքներով՝ «Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպություն»: