Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են

2018-06-05 12:50 , Общество, 1645

Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են

Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում են երեք օր շարունակ ընթացած բողոքի գործողությունները:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Արցախի ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ակցիաներ էին ընթանում: Ծեծված քաղաքացիների հարազատներն ու ընկերները, փակելով Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջում էին ԼՂ ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Արցախի Հանարապետության նախագահ Բակո Սահակյանը, «քննարկվել է հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ պատերազմական վիճակում գտնվող պետության համար բողոքի գործողությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

«Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնելով բողոքի գործողությունները դադարեցնելու մասին Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեի որոշման մասին՝ գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնելով բողոքի ակցիաների դադարեցման մասին՝ ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գրել է. «Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա'րտ քաղաքացիներ»։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել բողոքի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ցուցարարներին ուղղված կոչով:

«Գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է, ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն այդտեղ և, եթե իրավիճակը չհանգուցալուծվի ինչպես պայմանավորվածությունն է՝ նրանք գնդակը կարող են ետ վերցնել»,-իր տեսաուղերձում հայտարարել էր ՀՀ վարչապետը:

Հավելենք, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть