ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Արցախում հանգստյան օրերին տեղի ունեցած և այսօր էլ շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարությամբ: Նշենք, բողոքի գործողությունները ծավալվել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Ծեծված քաղաքացիների հարազատներն ու ընկերները, փակելով Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջում են ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։
Բողոքի զանգվածային գործողությունները ԼՂՀ-ում Լևոն Տեր-Պետրոսյանը անթույլատրելի է համարում՝ ընդգծելով, որ պատերազմական վիճակում գտնվող պետության համար այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
ՀՀ առաջին նախագահի հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:
Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել:
Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցման կարգով նշեմ, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը:
Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի: Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել:
Նշենք, որ Արցախի Հնարապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հունիսի 3-ին, Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում «քննարկվել է հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։
ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ Արցախի Հանրապետության դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի3-րդ մասի1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:
Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը միջադեպի վերաբերյալ, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը