Անձանց թիվը, որոնք տեղյակ չեն իրենց գործարար լինելու մասին՝ կարող է հասնել 1000-ի - RadioVan.fm

Онлайн

Անձանց թիվը, որոնք տեղյակ չեն իրենց գործարար լինելու մասին՝ կարող է հասնել 1000-ի

2018-06-01 15:42 , Право, 1749

Անձանց թիվը, որոնք տեղյակ չեն իրենց գործարար լինելու մասին՝ կարող է հասնել 1000-ի

Մարդկանց թիվը, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում, կարող է անցնել 1000-ը: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«350 անձը, որ այդքան շահարկվեց, այս մասով 350 չէր՝ 460 էր և ավել։ Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավել, չգիտեմ»,-նշել է ԱԱԾ տնօրենը։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ զբաղվում են խոշոր գործարարությամբ ու հարկեր չեն մուծում: Օրեր անց, սակայն, հրապարակվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգը»-ում գործունեություն ծավալած 461 ԱՁ-ների մասին: Նշվեց, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, համաձայնություն ձեռք բերելով ՊԵԿ նախկին ղեկավարության հետ, տարբեր անձանց անվամբ հիմնադրված 461 անհատ ձեռներեցներով, որոնց մի մասն անգամ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ (նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել), առևտուր է իրականացրել և 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ՝ խուսափելով խոշոր հարկերի վճարումից:

ԱԱԾ-ն միաժամանակ հայտնել է, որ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Ծառայությունը վերջիններին առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть