Այսօր առավոտից «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության շուրջ համախմբված մայր բուհի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել: Օրակարգային պահանջներն են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում:
Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են ԵՊՀ-ում այսօր առկա բազմաթիվ խնդիրների մասին՝ սկսած կրթության որակից, վերջացրած ֆինանսական չարաշահումներով:
Ակցիայի մասնակիցները «Ազատ, անկա ուսանող» վարնակրկումով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից իրազեկման երթով շարժվել են բուհի տարբեր ֆակուլտետներ ու մասնաշենքեր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաձայնել է հանդիպել իր հրաժարականը պահանջող ցուցարարների հետ։ Շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պահանջով այն կազմակերպվել է գիտխորհրդի դահլիճում, որպեսզի հանդիպմանը ներկա լինեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները:
«Ռեկտորի հրաժարականը կարող է լինել երկու դեպքում՝ եթե նա դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը, որ նրան ընտրել է, հետ է կանչում նրան, կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը։ Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են։ Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով»,-ուսանողների հետ հանդիպմանն ասել է Արամ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ վերջինների պահանջները իրավաչափ չէ:
Հոգաբարձուների խորհուրդը ես չեմ ընտրել: Դա կառավարության որոշմամբ է ընտրվել, ես ինքս անդամ չեմ, և որևէ ուժ չունի իմ կարծիքը հոգաբարձուների խորհրդի հետ կապված: Դա պետք է հասցեագրեք ոչ թե ինձ, այլ կառավարությանը: Ազատ աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի համար՝ նրա հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, տարին մեկ անգամ: Արհմիության կասեցումը դատական համակարգով է տարվում, իսկ ուսխորհուրդը անկախ մարմին է, որն էլ որոշում է իր կասեցման մասին: Այստեղ ռեկտորատը կապ չունի»,-պարզաբանել է ԵՊՀ ռեկտորը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը