Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը պատգամավորական միջնորդությամբ, սպասվում էր, որ այսօր ազատ է արձակվելու Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարանից:
Նշենք, որ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:
ԱԱԾ մեկուսարանի դիմացՍամվել Բաբայանի ազատ արձակմանը սպասողները, սակայն, անակնկալի եկան. Բաբայանի համակիրներից Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ նրան այսօր ազատ չեն արձակի, թեպետ իրենք ունեցել են հստակ ինֆորմացիա, որ դա տեղի է ունենալու: Թևանյանի խոսքով՝ «անգամ հագուստ են տարել Բաբայանի համար ու այժմ անհասկանալի գործողություններ են կատարվում: Այստեղ անօրինականություն կա. տեղեկություններ կան վճռաբեկ դատարանից, որ միջնորդությունը նոր է միայն քննվելու»:
Հիշեցնենք, Սամվել Բաբայանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Իգլա»-ի գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի ռազմամթերք փոխադրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի (փողերի լվացում) հատկանիշներով: