«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով - RadioVan.fm

Онлайн

«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

2018-05-25 16:58 , Политика, 1680

«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

«Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում: Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին»,-այդ մասին այսօր Բրատիսլավայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նախօրեին հնչեցրած այն տեսակետին, թե Արցախի հարցը նաև Թուրքիայի խնդիրն է, իսկ Կիպրոսինը՝ Ադրբեջանի:

Բրատիսլավայում, նշեք, ԱԺ փոխխոսնակը Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Դանուբ գետի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, խոնարհումով ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` ԱԺ փոխխոսնակը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու դիրքորոշումը: Նա դրական է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ, մինչդեռ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության ու անկախության պայքար է: Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Лента

Рекомендуем посмотреть