ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):
«Առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն էր ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը»,-հայտնում են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան 60կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգում):
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը: