«Հեռու ու մոտ բիբլիական Արարատ». այս խորագրով «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Անուշավան Վարդանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը լուսանկարչի բազմամյա գործունեության անդրանիկ ցուցադրությունն է (Անուշավանը նկարել սկսել է 8 տարեկանից «smena» ֆոտոխցիկով):
Առանցքում՝ Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռն է՝ տարվա բոլոր եղանակներին ու ժամերին, բոլոր հնարավոր, երբեմն էլ՝ անհանարին վայրերից, որտեղից Անուշավանի լուսանկարչական օբյեկտիվը կարողացել է որսալ բիբլիական ձյունագագաթը:
«Եթե ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանը չլիներ, երևի թե, այս ցուցահանդեսն այդպես էլ իրականություն չդառնար»,-«Ռադիո Վան»-ի թղթակցի հետ զրույցում ասել է լուսանկարների հեղինակը՝ պատմելով, որ երբ Ամիրյանը տեսել է իր աշխատանքները՝ հարցրել է, թե ինչու՞ ցուցահանդես չի անում՝ առաջարկելով, որ անպայման անի:
«Ես էլ որոշեցի ու արեցի»,-ժպտում է լուսանկարիչը, ով նկարելիս երբեք չի մտածել, որ ցուցադրելու է դրանք, ուղղակի, իր բնորոշմամբ, Արարատը նկարելիս հոգու հանգստություն է զգացել, ամեն անգամ նորովի բացահայտելով իր սիրուն:
«Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ իմ սերը դեպի Արարատը, ես դրանով եմ ապրում»,-անկեղծանում է 67-ամյա Անուշավան Վարդանյանը՝ նշելով, որ մշուշն ու մառախուղը երբեմն իրեն զրկում են գեղեցկուհուն տեսնելու ու անմահացնելու վայելքից. «Եղել են օրեր, երբ գնացել եմ նկարելու, մշուշապատ է եղել, նորից հետ եմ վերադարձել»:
Պատմում է՝ «Ամեն առավոտ տանից դուրս եմ գալիս, նայում եմ. եթե այդ օրը լավ երևում է՝ հնարավորինս արագ արդեն այնտեղ եմ: Կյանք է, էլի, ամեն մեկը մեկին է սիրում, ես էլ՝ էս եմ սիրում»:
Բիբլիական ձյունագագաթը տեսնելու ու լուսանկարելու համար բոլոր հնարավոր և անհնավանական ճանապարհներն անցած լուսանկարիչը դժվարանում է բառերով ասել, թե ինչ է իր համար Արարատը, ինչ է խորհրդանշում, սակայն ցանկությունն է, որ ամբողջ աշխարհը տեսնի այն:
Անուշավանի ֆոտոխցիկը որսացել է Արարատ լեռն արտացոլող 1000-ից ավելի կադրեր, սակայն ցուցահանդեսում, սրահի փոքր լինելու պատճառով, ներկայացված է մոտ երեք տասնյակը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էին լուսանկարչի ընկերները, արվեստասերները, իսկ միջոցառման երաժշտական մասը հիանալի կատարումներով ապահովեց «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյան):
Անուշավան Վարդանյանի լուսանկարները բաց են ցուցադրության մինչև մայիսի 26-ը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան