Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից. Փաշինյանի անդրադարձը՝ հարցին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից. Փաշինյանի անդրադարձը՝ հարցին

2018-05-16 16:41 , Политика, 1368

Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից. Փաշինյանի անդրադարձը՝ հարցին

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից: Այդ մասին երեկ ուշ երեկոյան քաղբանտարկյալների խնդրին առնչվող տեսաուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք», ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով»,-ընդգծել է Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է «Սասնա ծռեր»-ի գործին, ապա վարչապետի գնահատմամբ՝ այն «հասկանալիորեն մի փոքր այլ է, և այդ գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար»:

«Ես կարծում եմ, որ այդ գործի լուծման, հանգուցալուծման եղանակների և մեխանիզմների վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով: ...Ճշգրիտ հասկանանք ծավալները, շրջանակը, մեթոդները խնդրի լուծման»,-նշել է վարչապետը:

Փաշինյանի տեսաուղերձն ամբողջությամբ՝ ստորև.

Նշենք, որ երեկ ԱԺ-ում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարարել էր, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ նշելով, որիրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ:

Իսկ դիտարկմանը, թե հակասությունը չի՞ խոչընդոտի վարչապետի հետ համատեղ աշխատանքին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ՝ հակառակն է պնդում, Արթուր Դավթյանը պատասխանել է. «Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում համատեղ աշխատանքի առումով»:

Лента

Рекомендуем посмотреть