«Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։
Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։
Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ Վալերի Օսիպյանի բնակարանում հյուրընկալվել են հենց ոստիկանապետի հրավերով:
Հիշեցնենք՝ արժեքների հեղափոխություն հայտարարած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսներ» դիմակներով երթի ընթացքից իր համախոհների հետ միասին բերման ենթարկվեց, կալանավորվեց: Տևական դատաքննությունից հետո՝ 10 ամիս անց, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարկվեց դատավճիռ՝ համաձայն որի՝ Մաշտոցի պողոտայում խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով 13 մեղադրյալներից 12-ը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, անազատության դատապարտվեցին 6 տարի ժամկետով։
«Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է քաղաքական բանտարկյալներ։
Հիշեցնենք՝ Վալերի Օսիպյանը, ով զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը, ՀՀ նախագահի մայիսի 10-ի հրամանագրով նշանակվեց ՀՀ ոստիկանապետ: Նույն օրն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան