ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի՝ Ֆեյսբուք սոցիալական կայքում նախկինում արած գրառումների առնչությամբ, որոնք, նշենք, հանգստյան օրերին սոցհարթակում բուռն քննադատությունների են արժանացել:
Ֆեյսբուքյան օգտատերերը, մասնավորապես, «սքրին շոթերով» մեջբերում էին Արսեն Թորոսյանի գրառում-մեկնաբանությունները՝ պատվաստումների հետ կապված, որոնցում, Թորոսյանը հանդես գալով «Գարդասիլ» պատվաստանյութի ակտիվ ջատագով, պատվաստումներին ընդդիմացողներին առաջարկել է սկսել «փոքրիկ դագաղների» արտադրություն, Հայաստանը որակել է «չմո երկիր», իսկ կապույտ հազի հետևանքով չպատվաստված երեխայի մահվան մասին գրառման ներքո էլ գրել՝ «աստված պատժեց»:
Արձագանքելով այդ ամենին՝ նախարարությունից նշում են, որ Արսեն Թորոսյանը լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, նախարարության պնդմամբ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռնման տեղիք են տվել:
«Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը:Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,-նորանշանակ նախարարի խոսքերն է փոխանցում առողջապահական գերատեսչությանն մամլո ծառայությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար՝ փոխարինելով Լևոն Ալթունյանին:
Կենսագրական տվյալներ
Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, Երեւանում:
1998-2004թթ. ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ:
2004-2006թթ. ավարտել է ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2004-2005թթ. Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար
2005-2010թթ. Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության եւ բուժօգնության որակի համակարգող
2010-2011թթ. ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի եւ գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2011-2015թթ., 2016-2018թթ. ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոն, Տնօրեն
Այլ տվյալներ
2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում:
2017թ. Կառավարումը ռադիոլոգիայում դասընթաց, Սանկտ-Պետերբուրգի առաջին բժշկական համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
2014թ. Նորագոյացությունների բուժման ոչ-ինվազիվ մեթոդները դասընթաց, Չոնչինի բժշկական համալսարան, Չոնչին, Չինաստան
2013թ. Առողջապահության կառավարման միջին արեւելքի ծրագիր, INSEAD, Աբու Դաբի, ԱՄԷ
2010թ. Հանրային առողջապահության դասընթաց, Վիեննայի բժշկական համալսարան, Վիեննա, Ավստրիա
2008թ. Առողջապահության կառավարման եվրոպական ծրագիր, INSEAD, Ֆոնտենբլու, Ֆրանսիա
2007թ. Բանակցությունների վարման եւ կոնֆլիկտների հանգուցալուծման դասընթաց, Harvard University Kennedy School, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2005-2006թթ. Առաջնորդների զարգացման կենտրոնի դասընթաց, Երեւան, ՀՀ
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների: Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան