Դհոլ, զուռնա կալանավայրերի մուտքերի մոտ. ազատամարտիկները մայիսի 9-ի տոնական տրամադրությունը փոխանցեցին քաղբանտարկյալ ընկերներին - RadioVan.fm

Онлайн

Դհոլ, զուռնա կալանավայրերի մուտքերի մոտ. ազատամարտիկները մայիսի 9-ի տոնական տրամադրությունը փոխանցեցին քաղբանտարկյալ ընկերներին  

2018-05-09 22:30 , Общество, 2028

Դհոլ, զուռնա կալանավայրերի մուտքերի մոտ. ազատամարտիկները մայիսի 9-ի տոնական տրամադրությունը փոխանցեցին քաղբանտարկյալ ընկերներին

«Մայիսյան հաղթանակների տոնը լիարժեք չէ, քանի դեռ մեզ հետ չեն այդ հաղթանակների նվաճման գործում իրենց ավանդն ունեցած մեր ազատամարտիկ ընկերները». այդ մասին բարձրաձայնում են Արցախյան հերոսամարտի մասնակիցները, ովքեր այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման տոնը նշեցին քրեակատարողական հիմնարկների դարպասների առջև՝ դհոլով ու զուռնայով, պարով ու շնորհավորական ուղերձներով՝ հուսալով, որ ճաղերից այն կողմ գտնվող ազատամարտիկները կլսեն իրենց ձայնը:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի նախաձեռնած խորհրդանշական ակցիան, որին միացել էին մի խումբ ազատամարտիկներ, համախոհներ և Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գայանե Ասիլբեկյանը, մեկնարկեց Երևանում՝ ավարտվելով Էջմիածնում. «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և վերջում՝ «Արմավիր» քրեկատարողական հիմնարկներ, ուր գտնվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրված և 10,5 տարի ազատազրկման դատապարտված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, նույնմեղադրանքով 5,5 տարով ազատազրկված Գևորգ Սաֆարյանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը, «Սասնա Ծռերի» գործով մեղադրյալներ Պավլիկ Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը, Արամ Մանուկյանը, Կարո Եղնուկյանը և այլք:

Ակցիայի մասնակիցները շնորհավորելով կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալ իրենց ընկերներին և բոլոր անարդար դատապարտված անձանց՝ հույս հայտնեցին, որ նրանց ազատությունը սարերի հետևում չէ:

Ի դեպ՝ ի նշան այն բանի, որ կալանավայրում լսելի է ակցիայի մասնակիցների ողջույնները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի բանտախցից սպիտակ դրոշակ ծածանվեց:

Ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա Ծռերի» տղաներին՝ այս են ակնկալում ազատամարտիկները Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունից: Նույն սպասումներն ունի նաև պաշտպանական կողմը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ում այսօր, չնայած ուշ ժամին, հանդիպեցինք «Արմավիր» ՔԿՀ-ի դարպասների մոտ (նա եկել էր տեսակցելու իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանին), մեզ հետ զրույցում նշեց, որ թե՛ Ժիրայր Սեֆիլյանի, թե՛ «Սասնա Ծռերի» տղաների մասով դատարանը խափանման միջոցը՝ կալանքը փոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի, քանի որ դրա համար հիմքեր չկան: Նախադեպը Անդրիաս Ղուկասյանի մասով արդեն կա և, հատկապես, ինչպես նկատեց փաստաբանը, նրան ազատ արձակեցին դեռ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու նախօրեին:

Փաստաբանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Հավելենք նաև, որ քրեկատարողական հիմնարկների առջև ազատամարտիկների այսօրվա հատկանշական ակցիայի տոնական տրամադրությունը ապահովեցին Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաները:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть