Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակի առիթով Երևանի Ազատության հարապարակից մեկնարկել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը:
Քայլերթի մասնակիցները ձեռքներում վեր պարզած տարել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների, ինչպես նաև Արցախյան ազատամարտի և 2016-ի ապրիլյան քառօրյայի հերոսների լուսանկարները:
Քայլերթին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Նպատակը՝ մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանելը ու սերունդներին փոխանցելն է:
Մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում եռատոն է. հայկական երկու պետություններում տոնում են Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան