Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության երկրորդ փուլը - RadioVan.fm

Онлайн

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության երկրորդ փուլը

2018-05-08 11:48 , Политика, 2380

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության երկրորդ փուլը

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ 12:00-ին, մեկնարկեց վարչապետի ընտրության երկրորդ փուլը:

Քննարկման ընթացքին հետևեք ուղիղ հեռարձակմամբ.

Հիշեցնենք՝ վարչապետի ընտրության հարցով առաջին փուլի հատուկ նիստը կայացավ մայիսի 1-ին: Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բավարար թվով ձայներ չստացավ:

Քվեարկությունից հետո Փաշինյանը միացավ Հանրապետության հրապարակում շուրջ 12 ժամ իրեն սպասող և տեղից ԱԺ նիստին ողջ օրը հետևած քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց մայիսի 2-ին վաղ առավոտից Հանրապետության ողջ տարածքում վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Կոչին հետևելով՝ քվեարկության արդյունքներից դժգոհ քաղաքացիները մայիսի 2-ին, 08:15-ից, կաթվածահար արեցին երթևեկությունը ինչպես մայրաքաղաքի գլխավոր փողոցներում ու պողոտաներում, այնպես էլ՝ միջքաղաքային և համայնքային մի շարք ավտոճանապարհներին. ցուցարարների կողմից փակվեց օդանավակայան տանող ճանապարհը, Սևան-Երևան մայրուղին, Գյումրի-Երևան երկաթուղին: Հանրապետությունում վերսկսվեց գործադուլների և դասադուլների ալիքը:

Նույն օրը երեկոյան՝ «հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը», ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի և կաջակցի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին դառնալ գործադիրի ղեկավար:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո՝ այն է մայիսի 8-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հայտարարվեց վարչապետի ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ ԱԺ հատուկ նիստի մասին:

Մայիսի 3-ին 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть