Վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ ուսանողների՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները հաշվի չեն առնվի:
Երևանի պետական համալսարանն այս մասին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:
ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:
Միաժամանակ նշվում է, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով: Դասերի ավարտը հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը: Քննաշրջանը հունիսի 4-22-ի փոխարեն սահմանվել է հունիսի 11-29-ը: Տեղեկացնենք, որ համապատասխանաբար 1 շաբաթով կտեղաշարժվի նաև երկրորդ ընթացիկ քննաշրջանը: