«Անկախ էմոցիայից՝ պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի». Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադիրում վերջին նիստն է անցկացվել - RadioVan.fm

Онлайн

«Անկախ էմոցիայից՝ պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի». Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադիրում վերջին նիստն է անցկացվել

2018-05-03 17:23 , Политика, 1606

«Անկախ էմոցիայից՝ պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի». Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադիրում վերջին նիստն է անցկացվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված:Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,-կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելն ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր:

«Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ,որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանըորոշելու՝ անել դա, թե ոչ»,-մանրամասնել է վարչապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօրվա նիստը վերջինն էր. ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստ է գումարվելու: Այսօր պաշտոնապես 41 պատգամավորի ստորագրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, ով, ըստ էության, խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի հայտարարություններից ելնելով՝ ընտրվելու է այդ պաշտոնում:

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն, 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:

Մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով ԱԺ-ում գումարված հատուկ նիստը արդյունք չգրանցեց. վարչապետի միակ թեկնածու, «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման կասեցման բողոքի շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու համար չբավարարեց 8 ձայն։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть